Կանխվել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Հայաստանից Թուրքիա և ԱՄԷ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Գերատեսչությունը մանրամասնում է, որ վերջին ամիսներին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։
Մանսավորապես, իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։
Փաստերի առթիվ Հկազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։