Լեգենդար սպարապետ Պետրոս Ղևոնդյանը (Պետո) այսօր կդառնար 59 տարեկան։
Պետրոս Ղևոնդյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ 1982-1984 թվականներին խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։
1990 թվականին ԽՍՀՄ փլուզման ժամանակ Հայաստանի սահմաններին իրավիճակը սրվեց։ Ղևոնդյանը ընդունվել է Պռոշյանի կամավորական ջոկատ։ Եղել է ջոկատի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական մարտերին։
Ղևոնդյանը եղել է Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակից։ 1991 թվականի սկզբին մասնակցել է Գետաշենի, Մարտունաշենի, Շաումյանի պաշտպանությանը, եղել է Շուշիի առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ։
1993 թվականի հունվարին՝ Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին, «Իգլա» զենիթահրթիռային կայանքից ուղիղ կրակով խոցել է հակառակորդի ՄիԳ-25 կործանիչը։ Նույն թվականի փետրվարին Ղևոնդյանը ղեկավարել է Արխավենդ-Բաշ և Օրթա Գյունապեյ – Մանիկլու ուղղություններով հակահարձակման ժամանակ մարտը։
Օգոստոսին նրա ստորաբաժանումը փայլուն հարձակողական գործողություն է իրականացրել Խծաբերդ – Բաշարամ – Ղարաքիշիլար – Կուբաթլու – Ջաբրայիլ – Զանգելան – Ֆիզուլի ուղղությամբ։
Պետոն հերոսաբար զոհվել է 1994 թվականի փետրվարի 14-ին Քարվաճառի մոտ՝ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտում։ Նրան պայթեցրել է ականը՝ փրկելով մարտական ընկերոջը։ Թաղվել է հայրենի Պռոշյան գյուղի Զորազ պանթեոնում։
2001 թվականի մայիսի 7-ին Պետրոս Ղևոնդյանն իր խիզախության և անձնական արիության համար հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչման՝ Արցախի հերոսի և «Ոսկե արծիվ» շքանշանի։ Պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Պետրոս Ղևոնդյանի անունով են կոչվել ԼՂՀ Քաշաթախի շրջանի Պռոշյան, Եղեգնուտ և ԼՂՀ Քաշաթախի շրջանի Տիգրանավան գյուղերի միջնակարգ դպրոցները, ինչպես նաև ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը։