Արձանագրված խնդիրների լուծումից հետո կքննարկվի «Մալաթիա» տոնավաճառում գործունեության արգելքը վերացնելու հարցը, հայտնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ տեղեկացնելով, որ նման որոշում է կայացվել այսօր՝ տեսչական մարմնում տեղի ունեցած տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների և «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության («Մալաթիա» տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպմանը։
Քննարկվել են տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Տնօրինությանը ներկայացվել է նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացնի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մալաթիա» տոնավաճառի առևտրականները հրաժարվում են դադարեցնել առավոտյան սկսած բողոքի ակցիան ու գնալ տուն: Հիշեցնենք, որ տեսուչները որոշել են փակել տոնավաճառը փետրվարի 1-ից՝ օբյեկտում հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ հայտնաբերելուց հետո։ Ըստ ՏՄ-ի՝ 17 անհրաժեշտ կանոններից միայն 12-ն է տոնավաճառում պահպանված: