Հայերի և Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի վրա հարձակումները կատարել են մի քանի ծայրահեղականներ, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում Իսրայելի բազմակարծիք և բազմազան հասարակությանը: Twitter-ում այս մասին հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
«Հաշվի առնելով կասկածյալների անհապաղ ձերբակալությունները՝ Իսրայել պետությունը հավատարիմ է կրոնի և դավանանքի ազատությանը»,- գրել է դեսպանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 27-ին Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական «Taboon Wine Bar» ռեստորանի վրա: Երուսաղեմի պատրիարքարանի մամլո դիվանի պատասխանատու Աղան սարկավագ Գոգչեանը հայտնել էր, որ երկու հրեա արմատականներ փորձել են խոչընդոտել երթևեկությունը հայկական եկեղեցու մոտ, այնուհետև հարվածել են աշխատանքից վերադարձող հայերի մեքենային:
Բացի այդ, նա հայտնել էր, որ հրեա ծայրահեղականները փորձել էին հասնել «Լացի պատի» մոտ, նրանց չէր հաջողվել անցնել գլխավոր ճանապարհով, իսկ հետո նրանք անցել էին այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը։ «Այդ պահին ռեստորանում նստած էին հայեր, արաբներ և հրեաներ։ Ծայրահեղականները սադրիչ խոսքեր էին ասել ռեստորանի աշխատակիցների հասցեին, բղավել «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին»։ Սկսվել էր ծեծկռտուք, աթոռներ էին նետել միմյանց վրա»,- պատմել էր Գոգչեանը։
Հրեա ծայրահեղականները փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի և ՀՀ դրոշները։ Այդ պահին հայ երիտասարդները, որոնք գտնվել էին վանքի մոտ, թույլ չեն տվել նրանց դա անել։ Հայ պատանիները հետապնդել էին նրանց, և երբ վերջիններս տեսել էին, որ հայերն իրենց հետապնդում են, բղավել էին՝ «Ահաբեկչություն, ահաբեկչություն»:
Հունվարի 30-ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով այս իրադարձությունները, հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգված է «Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ ուղղված բռնության և վանդալիզմի ակտերով»։
Հունվարի 31-ին Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրղան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ քննարկել է ՀԱԵ պատրիարքարանի և հայերի վրա հարձակումները: