Վարչապետի մեքենայի վրա ձու նետելն անընդունելի է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սփռույքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով մի շարք ՀՅԴ-ականների մուտքը ՀՀ արգելելուն:
Նրա խոսքով՝ բոլոր այն անձինք, որոնց մուտքը ՀՀ արգելվել է, կապված են մեկ միջադեպի հետ:
«Որքան տեղյակ եմ՝ խոսքը մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման մասին է: Պետական սիմվոլ կրող, այդ թվում՝ մեքենայի, որի վրա ՀՀ դրոշն է, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է: Մնացած հարցերն ԱԱԾ-ին ուղղեք»,- ասել է Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:
Ավելի վաղ անցանկալի անձ լինելու պատճառաբանությամբ ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին ևս արգելել էին մուտք գործել Հայաստան:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ ևս արգելվել էր: