ՀՀ քննչական կոմիտեն պարզել է ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում գետնին ընկած մի կնոջ, նրան նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ:
Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել: Հասնելով բժշկական կենտրոն՝ նշված անձինք շարունակել են իրենց ոչ ադեկվատ պահվածքը: Պարեկային ծառայության պարեկները պահանջել են չխոչընդոտել իրենց կողմից իրականացվող օրինական ծառայողական գործունեությանը, որի ընթացքում հիշյալ տղամարդը, գտնվելով «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ, մոտեցել է պարեկներից մեկին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով հարվածելով գլխին:
Նախաձեռնված վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող: Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: