Մեղադրանք է ներկայացվել քրեական հեղինակության և ևս 3 անձի, հայտնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեն մանրամասնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, ինչպես նաև հետապնդվող նպատակներին հասնելու համար անձամբ կատարել գործողություններ: Իրենց հերթին, հիշյալ խմբավորման անդամները, ստանալով և Ա.Ք.-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվել են դրա հետապնդած նպատակների իրականացմանը:
Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել իր մոտ: Կատարելով հանձնարարությունները՝ վերջինս մի քանի անգամ այցելել է պարտապանի բնակության վայր: Այդ ընթացքում Ա.Թ.-ն կազմակերպել է նաև պարտապանի և Ա.Ք.-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս պահանջել է առավոտյան գումարը բերել, հակառակ դեպքում խոստանալով խնդիրներ ունենալ իրենց հետ: Հաջորդ առավոտյան Ա.Թ.-ն, շարունակելով կատարել Ա.Ք.-ի հանձնարարությունը, չի կարողացել գտնել պարտապանին, որից հետո՝ սեպտեմբերի 17-ին, նպաստել է Ա.Ք.-ի կողմից անօրինական՝ 350.000 ՀՀ դրամ գումարի ստանալուն։
Բացի այդ, Ա.Ք.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, Հայաստանում գործող կոնյակի գործարաններից մեկի մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդի վաճառքի իրավունքին ապօրինի տիրանալու նպատակով, 2022թ. սեպտեմբերի 23-ին խմբավորման անդամ Ա.Ն.-ին հանձնարարել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հիշյալ մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդն ով է դուրս հանում և վաճառում, ինչպես նաև ում ավտոմեքենայով է խաղողի մնացորդը մասնաճյուղի տարածքից դուրս հանվում:
Ա.Ն.-ն, կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար Ա.Ք.-ի հանձնարարությունը, ճշտումներ է կատարել ու վերջինիս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որից հետո Ա.Ք.-ն նույն օրը հանդիպել է հիշյալ գործարանի երկու աշխատակցի և պահանջել իրեն տրամադրել նշված մասնաճյուղում խաղողի վերամշակումից ստացված մնացորդի վաճառքի իրավունքը և առանց պայմանագրի մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամից 20 ՀՀ դրամ օգուտը՝ սպառնալով, որ կվնասի գործարանի մասնաճյուղի գույքը, եթե իր պահանջները չկատարվեն:
Քննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, տեղեկանալով Ա.Հ.-ի կողմից այլ անձի հետ ունեցած գումարային խնդիրների մասին, խոստացել է անձամբ զբաղվել նշված մասնավոր հարցի լուծմամբ, որի նպատակով իր մտերիմին հանձնարարել է Ա.Հ-ի և վերջինիս հարազատների հետ մասնակցել գումարային հարցերի պարզաբանումներին՝ հրահանգելով ոչ ցանկալի ելքի դեպքում ընդհատել խոսակցությունն ու հարցի քննարկումը թողնել հաջորդ օրվան՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների սահմանած, այսպես կոչված՝ «գողական» կանոններով լուծելու համար: Դրանից հետո Ա.Ք.-ն անձամբ հանդիպել է Ա.Հ.-ին և խոստացել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ լուծել վերջինիս գումարային վեճը:
Ա.Ք.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել, խմբավորման անդամներ Ա.Թ.-ին և Ա.Ն.-ին ևս մեղադրանք է ներկայացվել։ Ա.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: