Ոստիկանությունն այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել կառավարության որոշման, ինչպես նաև ՊԵԿ-ի կողմից տրամադրված գրության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքում կատարված գործողություններին:
Նա նշեց, որ գրությունը «մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու մասին» է: Հարցին՝ ինչո՞ւ են առավոտյան ներխուժել մարդկանց տներ՝ նա ասաց. «Մենք չենք ներխուժել, մենք ներխուժումն ենք վերացրել»:
Ոստիկանության ներկայացուցիչը շեշտեց, որ դեռ օգոստոսից բնակիչները զգուշացվել են, որ տարածքում ապօրինի են բնակվում: Նրա խոսքով՝ զգուշացրել են նաև հունվարի 31-ին՝ տեղեկացնելով, որ տարածքը լքելու 10 օր ժամանակ են տվել: Գևորգ Ազիզյանը հայտնեց, որ 10-օրյա ժամեկտը լրացել է փետրվարի 12-ին: Նա հայտնեց նաև, որ ոստիկանների գործողություններից տուժածներ չկան:
Հարցին՝ մարդկանց այլընտրանք առաջարկվե՞լ է, նա ասաց, որ նախատես իրազեկել են սոցիալական ծառայության աշխատակիցներին, և հիմա նրանք իրենց գործառույթներ են իրակացնում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:
Armenia Today-ին ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած գործողությունների շրջանակում բերման ենթարկված 22 անձ կա:
Մանրամասները՝ տեսանյութում: