ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել են նախարարությունից։
Նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Գերատեսչությունում հաղորդել են, որ ընթանում է տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։
Նախարարությունից հորդորել են ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։
Armenia Today-ի հետ զրույցում շենքի բնակիչ Յուրա Մելիքսեթյանը հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտեցել են իրենց ու հայտնել, որ պատրաստ են 5 ամենախոցելի ընտանիքներին երկու ամսով հատկացնել վարձավճար, սակայն բնակիչները հրաժարվել են այդ օգնությունից, քանի որ բոլորն են իրենց համարում անապահով։
«Նունիսկ եթե 2 ամսով հինգ ընտանիքի ապահովեցին, հետո՞ ինչ անեն»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ բնակիչները կրակ են վառել ու պատրաստվում են վրան խփել ու գիշերել տեղում, ոստիկանները գնալով շատանում են, նրանք դեռևս հորդորում են հեռանալ տարածքից, սակայն բռնի կհեռացնեն իրենց տարածքից, թե ոչ, չի կարող ասել։
Նշենք, որ 120-150 ընտանիք այս պահին զրկվել է կացարանից, նրանցից միայն 50-60-ն է տուն կառուցում և պատրաստվում տեղափոխվել, մնացաները տանիք չունեն։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: