Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին այն բանի համար, որ իրենց հիվանդանոցի բուժվողների նկատմամբ իրականացրել է մի շարք ապօրինություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն:
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:
Բացի այդ, տնօրենն աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:
Նշվում է, որ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի՝ իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Հանգամանքները պարզվում են: