Մայրենի լեզվի միջազգային օրվա նախաշեմին Հայաստանում այս հանգստյան օրերին նշվեց Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի անցկացվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:
Armenia Today-ն այցելեց գրախանութներ, հրատարակչությունների տոնավաճառներ և պարզեց ընթերցասերներից, թե ինչ է կարդում ժամանակակից Երևանը:
Ամենասիրելի գրքերը
Հարցված քաղաքացիները նախապատվությունը տալիս են ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ գրողների ստեղծագործություններին: Մեծամասնությունը տեղյակ էր օրվա խորհրդին և պատրաստվում էր գիրք նվիրել, սակայն ոչ բոլորն էին, որ ստացել էին։
«Դեռ գիրք չեմ նվիրել, բայց պատրաստվում եմ… իմ սիրելի գրքերից են Ագաթա Քրիստի «Սպանություններ այբբենական կարգով», «Սպանություն գոլֆի դաշտում»։ Նոր գրքերից նոր բացահայտումներ եմ անում, ստանում նոր տեղեկություններ, ձեռք բերում նոր գիտելիքներ, իսկ ուսումնասիրելով հայկական գրականությունը՝ շատ տեղեկություններ եմ ստանում հայկական մշակույթի մասին»,֊ նշեց հարցված քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ ընթերցասեր էլ ասաց, որ կարդում է գրեթե ամեն ինչ՝ հոգևոր գրականությունից մինչև ռոմանտիկ ու հետաքննական:
«Որպես երեք ամենասիրած գիրք կնշեմ Մարգարետ Միթչելի «Քամուց քշվածները», Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն և Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ը»,- ասաց հարցված աղջիկներից մեկը:
Դե իսկ մեր յուրաքանչյուր հարցված գրեթե նշեց «գրքերի գրքի»՝ «Աստվածաշնչի» ընթերցանության մասին:
Ինչ են կարդում գրողները
Armenia Today-ը հարցման ժամանակ հանդիպեց նաև գրող Էսթերին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ մանկական գրքեր է նվիրել շատ երեխաների և նրանց, ովքեր թոռներ ունեն։ Հետաքրքրվեցինք նաև, թե որ գրքերն են իր համար առանձնահատուկ:
«Ուզում եմ այնպիսի անուններ տալ, որոնց ոչ ոք նշած չի լինի: Ժամանակակից հայ գրողներից Արտակ Հարությունյանը շատ լավ գրող է, որին ոչ ոք չի ճանաչում, վաղամեռիկ բանաստեղծ է. իր պոեզիան շատ եմ հավանում, կնշեմ նաև Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը»»,֊ ասաց նա։
Մեկ այլ ստեղծագործող նշեց, որ հոգեբանական և միստիկ գրականությունը օգնում է ստեղծագործել:
«Հատուկ գործեր չեմ առանձնացնի, բայց կասեմ, որ գրքերն օգնում են ավելի լավ գրել: Գրողներն այնպիսի հարցեր են բարձրացնում, որի մասին նախկինում երբեք չես մտածել, մոտիվացնող է»,- նշեց նա:
Էկրա՞ն, թե՞ թուղթ
Հարցված երիտասարդներից մեկը նկատեց, որ ամեն տարիք թելադրում է գրական իր ժանրը:
«Այս պահին կարդում եմ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը», արկածային էի կարդում ավելի երիտասարդ տարիքում, հիմա ավելի շատ նովելներ՝ արտասահմանյան հեղինակներից: Հայ հեղինակներից էլ նախընտրում եմ հիմնականում տպագիր տարբերակով կարդալ, սակայն երբեմն օնլայն նույնպես կարդում եմ»,֊ ասաց նա։
Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ ընթերցողները հիմնականում նախընտրում են տպագիր տարբերակով ընթերցանությունը:
«Տպագիր կարդալը ինքնին մի գործընթաց է՝ տրամադրվելը, կարդալը, զգալը… ես նախընտորւմ եմ հին տարբերակը, մենք մեծացել ենք գիրքը, գրքի հոտը զգալով, այդ մթնոլորտի մեջ ընկղմելու բերկրանքը վայելելով»,֊ ընդգծեց հարցված քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։