Ամերիկացի հայազգի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում, մեկնաբանելով Forbes-ին տված իր հարցազրույցը, գրել է, որ իր հոր ընտանիքը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներ են եղել Թուրքիայից, իսկ մայրը՝ առանց փաստաթղթերի գաղթական։
«Երբ ես առաջին անգամ հեռացա Reddit-ից 2010 թվականին (ես 27 տարեկան էի), 4 ամսով կամավոր աշխատեցի Հայաստանում kiva.org կայքում: Ինձ պետք էր իմաստ գտնել, և դա իմ երբևէ կարիերայի ընթացքում կայացրած լավագույն որոշումներից մեկն էր»,- ասել է նա:
Գործարարի խոսքով՝ իր նախնիները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, նրանց ունեցվածքը բռնագրավվել է, և այդ «սերունդների վնասվածքն է» հիմնական պատճառը, որ, ինչպես պարզաբանել է Օհանյանը, նա մեծ խաղադրույքներ է կատարում NFT-ների և ապագա սոցիալական ցանցերի վրա՝ չնայած կրիպտոյի «ցուրտ ձմեռային փոթորկին»:
Հարցազրույցում Օհանյանը բացահայտել է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը եղել է իր մորաքույր Վերայի մասին, ով իր վեցերորդ տարեդարձին պատմել է նրան, թե ինչպես են սպանվել իր մեծ մորաքույրն ու հորեղբայրը՝ Հայոց ցեղասպանության ժամանակ սիրիական անապատով քայլելիս, ինչպես են մանկության տարիներին իր նախապապ Ավետիսի աչքի առաջ թուրք զինվորները գլխատել նրա ծնողներին, որոնց կանգնեցրել է մեկ այլ զինվոր, որից հետո տղային ուղարկել են Ստամբուլի մանկատուն։
Անդրադառնալով 1915 թվականի ցեղասպանության իրադարձություններին, երբ սպանվել է մոտ 1,5 միլիոն մարդ, Օհանյանը խոսել է Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ ձեռք բերված հայկական գորգերի մասին՝ բացատրելով, որ թուրք զինվորները խլել են իր ընտանիքի ժառանգությունը՝ բաղկացած ընտանեկան գորգերից։
«Այս գորգերը իմ դստեր՝ Օլիմպիայի համար են։ Եվ ով գիտի, թե ուրիշ ինչ երեխաներ կարող ենք ունենալ: Սա այն երկիրը չէ, որտեղից ես պատրաստվում եմ փախչել։ Բայց ես գիտեմ, որ ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը»,- ասել է նա։
2022 թվականի հոկտեմբերի վերջին Օհանյանը սոցցանցում հրապարակել էր լուսանկար ընտանեկան արխիվից և պատմեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած իր նախնիների պատմությունը։ «Հայերի հետ կապված ամենամեծ սխալներից մեկը մեզ ջնջելն է, դա չի աշխատում, այլ մեզ միայն ավելի ուժեղ է դարձնում: Մենք երբեք չենք դադարի բարգավաճել և, սա կլինի ամենօրյա հիշեցում, որ դուք ձախողել եք»,- գրել էր Օհանյանը։