«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան կալանավորվել է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
ՀԻշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը մանրամասներ էր ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային առաջադրված մեղադրանքներից։ Գերատեսչության տվյալներով՝ Մադաթովան կեղծ հրաման է կազմել, որով իր տեղակալին է փոխանցել առևտրի կազմակերպման գծով տնօրեն Վ. Մ. ընկերության տարածքում սանիտարահիգիենիկ, հրշեջ-տեխնիկական նորմերն ու անվտանգությունն ապահովելու լիազորությունները։
Վերջինս նաև չի ապահովել հրդեհային անվտանգության, հակահրդեհային ջրամատակարարման, կապի միջոցների պահանջները, շենքերն ու շինությունները չեն ունեցել մշտապես գործող ճանապարհներ, աշխատանքային վիճակում չեն պահպանվել հակահրդեհային համակարգերն ու միջոցները։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը հայտնել էր, որ ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էր մարմնական տարբեր վնասվածքներ: