ՀՀ օդանավակայանների («Զվարթնոց», «Շիրակ») ուղևորափոխադրումները 2021թ․ եղել են 2 մլն․ 400 հազար 351, իսկ 2022-ին՝ 3 մլն 698 հազար 256 դրամ։ 2021-ի համեմատ աճը կազմել է 54 տոկոս։
ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումները ևս աճել են։ Եթե 2021թ. այդ թիվը եղել է17,321, ապա 2022-ին հասել է 23,341-ի։ Այս մասին այսօր հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Նշվել է, որ դեպի Հայաստան և Հայաստանից չվերթեր են իրականացնում 35 ավիաընկերություններ՝ 45 ուղղություններով: Ըստ զեկույցի՝ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություններ, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ: Քաղավիացիայի կոմիտեում նշել են, որ 2021-ին նման ավիաընկերությունների թիվը եղել է 7, իսկ 2023-ին կարող է հասնել 11:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են հետևողական աշխատանքները ԵՄ թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ից դուրս գալու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հայկական ավիաընկերությունների վերասերտիֆիկացում, մասնագետների վերապատրաստում և մի շարք այլ գործողություններ: Փաշինյանը ոլորտի առնչությամբ որոշակի հանձնարարականներ է տվել։