Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, Մալաթիայից հաղորդում է Ֆըրաթ Սարոյանը։
Իր ֆեյսբուքյան էջում թեմայի վերաբերյալ գրառում կատարած Սարոյանը նաև հավելում է, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների մեծ մասը փլվել է։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: