Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ցավակցություն հայտնելով Հունաստանում տեղի ունեցած գնացքների վթարի կապակցությամբ։
«Խորը վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- գրել է Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 32 մարդ, 85 մարդ վիրավորվել է։ Զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ։ Տեղում աշխատում են փրկարարները։