ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 2-ի նիստում:
Ինչպես նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ մետրոյի կառուցման աշխատանքները 3 փուլից են բաղկացած: Առաջին փուլն արդեն իրականացվել է, հաջորդ փուլերի համար նախագծող ընկերությանը վճարելու անհրաժեշտություն կա։
«Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տարբերությունը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի:
Ինչպես իր խոսքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը կկարողանան ավարտել 4 տարում: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ մեկ ու կես կմ: Կայարանի շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ, որն այս պահի դրությամբ դիտարկվում է 2 տարբերակով՝ երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը և նոր մոդելով մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ։
«Մի քանի փոփոխություն ենք արել 80-ականների նախագծի համեմատ: Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն շենք է կառուցվել: Մենք կայարանը որոշակիորեն, 120-140 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել: Առաջին հերթին շինարարությունը մոտ 15 տոկոս ավելի ցածր արժեք է ունենալու: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն «Թումո»-ի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ բաց տարածքի շնորհիվ վերևից են փորելու, ոչ թե տակը փորելով են գնալու: Դա շատ առավելություններ է տալիս։
Ըստ փոխքաղաքապետի՝ արդեն ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցը․ շինարարական աշխատանքների գումարը սկզբնական հաշվարկից մի փոքր ավելի ցածր է լինելու: Կանխատեսվում է, որ Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով: