Ոտքերը հայրենիքին են նվիրել, բայց կարողանում են նույնիսկ պրոթեզով, իրենց կանանց, մայրերին ու քույրերին պար նվիրել: «Զինվորի տունը» տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է վերականգնողական բուժում ստացող զինծառայողների «Քոչարին»։
Տեսանյութում ասվում է, որ մեկը պարում է մի պրոթեզով, մյուսը՝ երկու, սակայն նույնիսկ զույգ պրոթեզով էլ հողի վրա ամուր են մնացել, ինչպես ամպուտացվելուց առաջ։
«Զինվորի տանը» գործում է նաև ազգագրական պարերի, այսպես կոչված, համույթ։ Տղաները ջանք չեն խնայում պարուսույցի ջանքերն արդարացնելու համար։ Որպես կամավոր պարուսույց Հարութն «աշակերտներից» գոհ է։ Խումբը համալրել են Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների ժամանակ վիրավորված ու ամպուտացված հայրենիքի պաշտպանները։
Պարելիս պրոթեզի տված ցավը կոմպենսացվում է մեծ էներգիայով, որը նույն վայրկյանին ցավազրկող է դառնում՝ փոխակերպվելով կյանքի հանդեպ մի ուրիշ սիրո։