ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը, հայտնում է տեսչական մարմինը։
Տեսչական մարմնից մանրամասնում են, որ մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ընկերության կողմից նշված հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած գործարարը։ Դատարանը կալանավորել է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային։ Բացի առևտրի կենտրոնի տնօրենից և պահեստի վարձակալից, գործով անցնում են ևս 2 հոգի։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էր մարմնական տարբեր վնասվածքներ: