Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Երևանի ավագանու նիստում հավանություն տրվեց Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու առաջարկին։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջարկի հիմք են հանդիսացել «Ազնավուր» հիմնադրամի հետ ունեցած քննարկումները։
«Հաշվի առնելով սույն վայրում տեղադրված Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը քաղաքացիների համար ավելի տեսանելի և դիտարկելի հատված՝ առաջարկվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կետրոնական հատվածում, իսկ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը՝ նույն Ֆրանսիայի հրապարակում՝ մայթեզրին ավելի մոտ հատված»,- նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ 2024 թվականին աշխարհը կնշի Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Էկրաններ կբարձրանա Ազնավուրի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուր» (Ֆրանսիա)։
Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում շանսոնյեն գրել է մոտ 1 300 երգ։ Նա նկարահանվել է 60 ֆիլմում։ Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցման արդյունքներով Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն փոփ երգիչ։
Մեծն շանսոնյեն մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։