Պարեկային ծառայողների գործունեությանը բռնությամբ միջամտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակիցներ ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը 22.00-ի սահմաններում երթևեկելիս նկատել են նույն բնակավայրի բնակչի, որը գտնվել է ճանապարհի միջնամասում, դուրս չի եկել ճանապարհից և այդ ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին:
«Պարեկային ծառայողները կայանել են մեքենան, մոտեցել տղամարդուն, սակայն վերջինս շարունակել է հայհոյել և դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Ոստիկանության աշխատակիցները փորձել են հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս ենթարկել վարչական ձերբակալման, սակայն նրա հայրը խոչընդոտել է պարեկային ծառայողների գործողություններին, սկսել հայհոյել և քաշքշել ոստիկաններին»,- հայտնում է ՔԿ-ն։
Նշվում է, որ վիճաբանությանը միջամտել են նույն բնակավայրի ևս երեք բնակիչներ, ովքեր քաշքշել և ձեռքերով, բռունցքով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին: Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով միջադեպի մասնակից 5 անձ ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):