«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու». Արամ Մանուկյան
Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) ծննդյան օրն է՝ 144-րդ ամյակը:
Արամ Մանուկյանը հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից, XX դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից է:
Եղել է 1915 թ-ի Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 70 օր): Հուլիսի 2-ին ռուսական զորքերի անակնկալ նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:
1916–17 թթ-ին Մանուկյանը եղել է Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ. զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով: 1917 թ-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երևան, գլխավորել նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918 թ-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ): Նա բազմաթիվ կոչերով և ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար:
Մանուկյանը Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգությունը: 1918-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարության ժամանումը (հուլիսի 23-ին) Երևան: Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հիմնադիրն է: Մանուկյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում պարենային ճգնաժամը մեղմելու, գրագրությունների լեզուն հայացնելու, հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը հնարավորինս բարելավելու համար: