Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանում 24-ամյա կինը 2021թ․ նոյեմբերից ենթարկվել է սեռական շահագործման։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, ինչին վերջինս համաձայնվել է»,- ասված է ահղորդագրությունում:
Նշվում է, որ 2021թ․ նոյեմբերից Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման։ Վերջինիս այդ վիճակի մեջ պահելու դիտավորությամբ Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից և նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ և այլ իրեր, իսկ պարտքերը պարտավորվել է մարել վերջինս: Ուռճացնելով նշված պարտքերը` Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից երիտասարդ կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար միջոցներ։
Ժամանակի ընթացքում 24-ամյա կինը գիտակցելով, որ ենթարկվում է սեռական շահագործման՝ 45-ամյա կնոջը հայտնել է, որ այլևս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, որի կապակցությամբ վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի, պարբերաբար նրա հասցեին հնչեցվել են բռնության սպառնալիքներ։
«2022թ․ նոյեմբերի 22-ից մինչև 2023թ․ մարտի 1-ը Երևանի 49-ամյա կնոջը ունեցած այսպես կոչված «պարտքի» գումարը վճարելու պարտադրանքով, 24-ամյա կինը Արցախի փողոցում յուրաքանչյուր օր, հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 ՀՀ դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը»,- հայտնում է ՔԿ-ն։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։