Փաստել, որ բոլոր հարցերի վերաբերյալ մենք կստանանք սպառիչ պատասխաններ, ես ձեռնպահ կմնամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գեղարքունի մարզի Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Նորիկյանը տեղեկացրեց, որ տուժող կողմին հուզող բոլոր հարցերը բարձրացվել են։ «Մենք ստացել ենք պատասխան, որ դեպքի հետ կապված այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ։ Բայց այդ վարկածների վերաբերյալ մեզ չի տրվել սպառիչ տեղեկատվություն։ Այս պահին 5 անձ է քրեական հետապնդման ենթարկվում։ Զինվորական դատախազի կողմից չի բացառվել, որ այլ անձանց վերեբարյալ ևս քրեական հետապնդումներ կնախաձեռնվեն»,-հայտարարեց Նորիկյանը։
Այսօր զինդատախազություն էին եկել նաև զոհվածների ծնողները։ Նրանք իրենց հուզող հարցերն էին բարձրացրել։ «Նրանք պնդում էին Փաշինյանի առաջ քաշած վարկածը, բայց մենք մեր վարկածն ունենք ու մինչև վերջ գնալու ենք։ Փաշինյանը, Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը թող հանկարծ չկարծեն, որ նստելու են իրենց նոր ստացած բնակարանները և ուրախանան, իսկ այդ երեխեքի ծնողներն էլ չունենք ապրելու հնարավորություններ»,-նշեց նա։
Նա հայտնեց, որ եթե քննության արդյունքներն իրենց չբավարարեն, դիմելու են միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամիս Նորիկյանը հայտնել էր, որ կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։