ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանին, կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանի անվտանգության ապահովելու և այլ օգնություն ցուցաբերելու նպատակով», – ասել է Շուվալովը:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակը հղի էր անվանել լուրջ ապակայունացումով։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ։ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել էր քարտուղարությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել էր, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է տարիներ շարունակվող հակասությունների արդյունքում։
Թասմագամբետովը Հայաստան էր այցելել մարտի կեսերին, որտեղ հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Նա եղել էր նաև Ջերմուկ քաղաքում, որը տուժել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին: Նա նշել էր, որ նախօրեին տեղեկացրել են Ադրբեջանին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում է, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: