Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- ասել է վարչապետի որդին:
Այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել, հայտնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սա քաղաքական սադրանքների շարք է։ Armenia Today-ը փորձել էր ոստիկանությունից ճշտել, թե արդյո՞ք հաղորդում ստացվել է։ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել էր, որ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանի վրա հարձակման առնչությամբ ահազանգ-հաղորդագրություն չի ստացվել։
Ավելի վաղ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն էլ հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկատվություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որդին՝ Աշոտ փաշինյանը, իբր հարձակման է ենթարկվել։ Նրա խոսքով՝ եթե Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, ՊՊԾ-ն բռնության մասին հայտարարություն չեն տարածել, նշանակում է ՀՀ ԱԺ նախագահի տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։