Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները կրակոցների ձայներ են լսել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել են բնակիչները։
«Ես քնած էի, տանեցիներն ինձ արթնացրին ու ասացին, որ ավտոմատի ձայներ են գալիս։ Այդպես էլ պետք է լիներ»,-ասաց Տեղի բնակիչ Արարատ Շալունցը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։
Մեկ այլ բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հայտնեց, որ կրակոցի ձայներ են լսվել ու այս պահին փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
Armenia Today-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Կառավարության ապրիլի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-անոց հատվածը, հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։