Հայազգի ամերիկացի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և այս երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ՝ Տեղ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծման հետ կապված։
«Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը հայկական տարածքում»,- գրել է Թանկյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։