Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը հրկիզած դիզայներ Արամ Նիկոլյանը բացատրել է իր արարքը։
«Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբևիցե չի հարում որևէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքն ու տեսլականը։ Իմ ցանկությունն էր անել այնպես, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, ամենակարևորը, չփորձեն մտածել, որ հայերը սովորում են և հարմարվում են ինչ-որ իրավիճակների։ Ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր մտածում են, թե իմ արարքը կարող է վատ անդրադառնալ սահմանում գտնվող տղաների վրա։ Ես աղոթում եմ այդ տղաների և այն մարդկանց համար, ովքեր պահում են մեր սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի։
Եթե կան այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ ես չպետք է այդպես չվարվեի, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն իրենց տանը և փարատվեն դրանով»,- ասել է Նիկոլյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իր կողքին էին և սատարում էին։
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու՝ հոգեբանական ճնշման պատճառով։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։