ՀՀ քննչական կոմիտեն պարզել է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակցի մահվան հանգամանքները, նա ինքնասպանություն է գործել, հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի մասին ահազանգն ստացվել էր ապրիլի 13-ին։ Շտապօգնության խմբից հայտնել էինք,որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել նշված հասցեում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։
«Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից:
Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել»,- մանրամասնում է ՔԿ-ն:
Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։ Նախաքննությունը շարունակվում է: