Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի օժանդակությամբ Գ.Պ.-ին է փոխանցել 0.52 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Պարզվել է նաև, որ օպերլիազոր Վ.Ս.-ն, 2009 թվականից ծառայելով ոստիկանության համակարգում, իսկ 2018թ․ զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու և դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին` միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
«2023թ․ ապրիլի 10-ին Գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթը, որով մեղադրանք է ներկայացվել Ս.Ք.-ին՝ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), Վ.Ս.-ին` 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացում), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Մեղադրանք է ներկայացվել նաև Մ.Գ.-ին՝ 38-266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելը)»,- հայտնում է դատախազությունը:
Նույն օրը Գլխավոր դատախազությունում ստացվել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքը բավարարելու և օպերլիազոր Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ: Վ.Ս.-ն ներկայացել է քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել: Դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: