Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն՝ ներկայացնելով սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները։
Մասնավորապես, ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին և տղամարդ, ներկայանալով մայր և որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջն արյունոտ և ծեծի ենթարկված վիճակում:
«Պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են վերոհիշյալ հյուրանոց և համար են վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը և հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ փորձել է դիմել փախուստի: Սակայն վերջինս հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշվում է, որ մայրը և որդին տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Վերջինիս և տուժողի հետ համապատասխան քննչական գործողություններ դեռևս չեն արվել՝ առողջական վիճակի պատճառով: Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է: