Կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 5 բուժաշխատողի, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ 2021թ․ հուլիսից հոկտեմբեր Հայաստանում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ։
Այնուհետև, հիշյալ բժիշկները կազմել և հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանում չգտնվելու պայմաններում կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետև պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ։
Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, նույնպես կազմել է կեղծ փաստաթղթեր և մուտքագրել «ԱՐՄԵԴ» համակարգ։
Բուժաշխատողներին ներկայացվել է մեղադրանք: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: