ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետմահու պարգևատրել է Տեղ գյուղում զոհված զինծառայողներին։ Պարգևատրման մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկով։
Հրամանագրում նշվում է, որ զինծառայողները պարգևատրվել են հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրվածության համար։
Զորամասի հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Լեյտենանտներ Արթուր Սահակյանը և Հենրիխ Քոչարյանը, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են «Արիության» մեդալով։
Ապրիլի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը, այդ թվում՝ ականանետերից կրակել էր Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների վրա։ Հայկական կողմը պատասխան գործողություններ էր ձեռնարկել։ Նախարարության տվյալներով՝ չորս հայ զինվոր սպանվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր մահացածների անունները։