Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»:
Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը: Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ Ցեղասպանության ենթարկվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց ու սպանվեց 250 հայազգի մտավորական:
Թեպետ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով: Ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանում ջահերով երթ է իրականացվում։ Ապրիլի 24-ին հայերն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Երկրներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սկիզբ է առել Խորհրդային Միության տարիներից։ 1965 թվականի մայիսին Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Վատիկանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Եվրախորհրդարանը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլ միջազգային կազմակերպություններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ամերիկայի և այլ երկրների շուրջ հարյուր նահանգներ, նահանգային խորհուրդներ և այլ կառույցներ: