Երևանում՝ Ալեք Մանուկյան փողոցում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչ թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուրը։
«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ «Նեմեսիս» գործողության մասնակից, Բեռլինում Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի հենց այս խոսքերն են այն հուշաղբյուրի վրա, որն այսօր բացվեց Երևանում։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացման արարողության ժամանակ հայտնեց, որ հուշաղբյուրի ճարտարապետներ են Արթուր Մեսչյանը և Տիգրան Բարսեղյանը։
«Աշխղեկը՝ Հայկը, 44-օրյա պատերազմից հետո զենքը դրել էր ու ամիսներ շարունակ չոքած կերտել մեր արժանապատության այս գրանիտյա ուղղափառ սյունը։ Մենք արձաններ շատ ենք կառուցել, միշտ նախաձեռողը գնացել, բարերար է փնտրել։ Բայց այս դեպքում եզակի երևույթ է տեղի ունեցել։ Ավագանու որոշումից տասը օր հետո ինձ զանգում են իմ եղբայրները՝ Վահե Պետրոսյանը, Արտավազդ Սարգսյանն ու ասում՝ ոչ ոքի դուռը չբախեք, ամբողջ ծախսերը մենք ենք հոգալու»,-ասաց Արեյանը՝ նշելով, որ ո՛չ ճարտարապետները, և ո՛չ էլ բարերարը թույլ չեն տվել իրենց անունները փորագրել հուշաղբյուրի վրա։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն իր ելույթում հուշաղբյուրի բացումը պատմական համարեց։
«Տեղ-տեղ կարելի էր տեսնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, բայց դա քիչ էր, որովհետև տղաներն արել էին մի հերոսություն, որն ազգովի արձագանքի էր արժանի։ Պետք էր հավուր պատշաճի ներկայացնել նրանց սխրանքը։ Մենք այդ հնարավորությունը վերջապես ունեցանք»,-ասաց Մելքոնյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «Nemеsis»-ի պատմությունն արդարության վերականգնման մասին է։
«Մենք այժմ ևս գտնվում ենք ծանր դրության մեջ, մեր երկրին շարունակում են իրապես մեծ վտանգներ սպառնալ։ «Nemеsis»-ի պատմությունը հայ ժողովրդի կամքի մասին է։ «Nemеsis»-ի պատմությունն այն արդարության վերականգնման մասին է, որը պարտադրված և հարկադրված է եղել»,-ասաց Ավինյանը՝ նշելով, որ գործողությունն արձանագրումն էր նրա, որ պատմության ոճրագործությունները որևէ դեպքում անպատիժ չեն մնում։
Նշենք, որ հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին նաև «Nemеsis» գործողության մասնակիցների ժառանագները, թոռներն ու ծոռները։ Մասնավորապես՝ «Nemеsis» գործողության մասնակից Արտաշես Գևորգյանի թոռ Արմեն Գևորգյանը, Սողոմոն Թեհլերյանի ծոռան աղջիկը՝ Լիլիթը, ինչպես նաև հայտնի հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը, որը վրիժառու Արամ Երկանյանի ժառանգն է։
«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է ՀՅԴ-ն։