Ինչպե՞ս են երևանցիները վերաբերվում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանն ապամոնտաժելու Թուրքիայի պահանջին։ Armenia Today-ի թղթակիցը Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում հարցում է անցկացրել՝ գնահատելու երևանցիների վերաբերմունքը հուշարձանի տեղադրմանը և Անկարայի պահանջներին։ Հուշարձանը նվիրված է «Նեմեսիս» գործողության հերոսներին, ովքեր հաշվեհարդար են տեսել Հայոց ցեղասպանությունը կազմակերպած Օսմանյան կայսրության առաջնորդների, ինչպես նաև 1918 թվականին Բաքվում հայերի ջարդին մասնակցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ղեկավարների դեմ։ Այն բացվել է Երևանում ապրիլի 25-ին։
Ապրիլի 29-ից Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության թռիչքների համար։ Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բացատրել է, որ դրա պատճառը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումն է։ Մայիսի 8-ին Չավուշօղլուն պահանջել է քանդել հուշարձանը։
Հարցման գրեթե բոլոր մասնակիցներն ընդգծել են Թուրքիայի միջամտության և նրա պահանջների բավարարման անթույլատրելիությունը։ Նրանք նույնպես աջակցել են հուշարձանի բացմանը։ Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ հուշարձանի կանգնեցումը Հայաստանի ներքին գործն է։ Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծել է դրսի ճնշման տակ որևէ գործողություն իրականացնելու անթույլատրելիությունը. «Բնականաբար, մենք չպետք է որևէ քայլ անենք հարկադրանքի ներքո։ Եթե հուշարձանն ապամոնտաժվի, ապա դա պետք է լինի մեր որոշումը»,- ասել է նա։
«Սա մեր ազգային խնդիրն է՝ մատնանշելով մեր ինքնությունը։ Չավուշօղլուի հարցերն ինձ չեն անհանգստացնում, մենք պետք է որոշենք. Ինձ թվում է՝ և՛ մեր ժողովուրդը, և՛ պետական այրերը պետք է հստակ դիրքորոշում ընդունեն և ուշադրություն չդարձնեն ինչ-որ մեկի խոսքին»,- ասել է հարցման մասնակիցներից մյուսը։
Մեկ այլ երևանցի, նույնպես դեմ արտահայտվելով Անկարայի պահանջների բավարարմանը, կարծիք է հայտնել, որ «մեր իշխանությունները չեն կարող մեզ նման խոսել, նրանց ձեռքերը կապված են»։ «Վստահ եմ, որ իշխանությունները նույն կերպ են մտածում, ինչ մենք, պարզապես չեն կարող այդքան բացահայտ ասել այդ մասին»,- ասել է նա։ «Մենք ուժ ունե՞նք ինչ-որ բան անելու։ Ես գիտեմ, որ դրանք չունենք»,- նշել է մեկ այլ քաղաքացի՝ նույնպես բացասական գնահատելով Անկարայի պահանջը։ Միաժամանակ, հարցված քաղաքացիներից մեկի կարծիքով՝ այժմ հուշարձան կանգնեցնելու «ժամանակը չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։