2023 թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել FlyOne Armenia ավիաընկերությունը:
«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելու զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին»,- ասված է հայտարարությունում։
Ի պատասխան ստացվող հարցումների, FlyOne Armenia-ն հայտնում է նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։
«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։ Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերությունը տեղավորվել է հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը»,- մանրամասնում են ավիաընկերությունից։
Նշվում է նաև, որ ուսումնասիրվում են չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, և կանեն համապատասխան եզրակացություններ։
«Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել էր երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: