Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերության «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն պնդել է, որ մուղամը հայկական է և կապ չունի հարևան պետությունների մշակույթի հետ: Իսկ Կոմիտասը եվրոպայի հանդիսատեսին դուր գալու համար է հեռացրել քառորդ նոտաները։
Armenia Today-ը շրջել է Երևանում և քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում այդ հայտարարությունը և ինչ են կարծում՝ մեր մշակույթին հարի՞ր է արդյոք մուղամը։ Մեր հարցված քաղաքացիների մեծամասնությունը հայտարարությունը շատ բացասական գնահատեց:
«Անգրագետ տղա էր մի բան բլթացրեց, մի Սուպեր Սաքո էլ Հանրայինն է, փոխանակ կտրեին այդ մասը, տալիս են եթեր: Ես արդեն խոր ապատիայի մեջ եմ, ես սպասում եմ մի առաջնորդ դուրս գա, որ մի բան փոխվի մեր կյանքում: Մուղամը մեր մշակույթին հարիր չէ, իհարկե, ուղղակի այնքանով է վատ, որ մեր քաղաքացիների մի մասը էդ կլկլոցները լսում է, պորտապարով դուրս են գալիս էդ երգիչները, հետո դառնում սուպեր աստղեր: Իսկ եթե ինչ-որ մի անասուն էշ-էշ դուրս է տալիս համաշխարհաին աստղի՝ Կոմիտասի մասին, պետք ա դաստիարակես այդ մարդկանց»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի խայտառակություն որակեց այդ հայտարարությունը: «Փաստը շատ ցավալի է, տեղյակ եմ, սա խայտառակ բան էր, որ կատարվեց վարդապետի անվան շուրջ, մուղամական տարրերն այսօր էլ գլուխ են բարձրացրել ցավալիորեն, ժամանակից երաժշտության մեջ լսում եմ և ցավ ապրում»,- նշեց նա:
Իսկ ահա քաղաքացիներից մեկն էլ այն անվանեց տգիտության դրսևորում. «Դա տգիտության դրսևորում էր, դա պետք է չցուցադրվեր, հարցազրույցը ուղիղ եթե չէր, պետք է գոնե կտրեին այդ հատվածը: Կոմիտասն ու մուղամը իրարից կիլոմետրերով հեռու են, ամբողջ աշխարհը Կոմիտասի մասին խոսում է, նրանով հիանում, իսկ նրա պես անգրագետները ցածրացնում են մեր բարձագույն արժեքը»,- շեշտեց նա: