ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, Նիկոլ Փաշինյանի՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ հանդիպմանը կիթառով նվագել և մի քանի երգ է երգել։ Տեսանյութը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է վարչապետը։
Կառավարությունից հայտնում են նաև, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Մրցաշարի մեկնարկը տրվել է այսօր առավոտյան: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցում է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:
Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր, պատասխանել տարբեր հարցերի:
Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով՝ նշելով, որ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: