Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Քրիստոսի արձանը կառուցվում է և արդեն 18 մետրը կառուցված է, իսկ թղթաբանության հարցերը կարգավորվում են։ Նրա խոսքով՝ 2024թ․տեղի կունենա արձանի բացումը։
«Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն ընդունել ենք քրիստոնեությունը, և մենք պետք է կարողանանք արձանը կառուցել՝ ամբողջ աշխարհին ի ցույց ասելու, որ հայ ժողովուրդը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը:
Նա պարզաբանել է, որ Հատիսի գագաթին թույլ չեն տվել կառուցել համալիր, սակայն լեռան կողքին պատմշակությանի կոթող կա, որտեղ 4 000 տարի առաջ ինչ-որ ամրոց է եղել: Իսկ ինքը գումար է փոխանցել, որ և՛ ամրոցը վերականգնեն, և՛ արձանը կառուցեն։
«Եթե կապացուցեն, որ ամրոց է եղել, ամրոցն էլ վերականգնվի, և այդ արձանն էլ կողքը կլինի»,- ասել է Ծառուկյանը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հանրապետությունում Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանը տեղադրելու մտադրության մասին, իսկ հուշարձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ կարող է 2-3 անգամ ավելի լինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով հուշարձանի՝ երկրում զբոսաշրջության զարգացման կարևորության մասին։
Արձանի կառուցման մեկնարկի մասին հայտնի է դարձել 2022 թ.հուլիսի 9-ին, շինարարության բացման արարողությանը մասնակցել են Ծառուկյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Շինարարությունն արդեն մեկնարկել է։ Հայկական զբոսավարների ասոցիացիան և Հայ Առաքելական եկեղեցին դեմ են արտահայտվել նախագծին, ավելի ուշ նաև ԿԳՄՍ նախարարությունն է քննադատել այն՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։ Շրջակա միջավայրի նախարարութունը հայտարարել է, որ նախագիծն արդեն դադարեցվել է՝ մինչև շինարարություն սկսելու վերաբերյալ թույլտվություն ստանալու մասին որոշում կկայացվի։
«Ծառուկյան» հիմնադրամից հայտարարել են, որ նախագծի իրականացումը կսկսվի միայն լիազոր մարմինների դրական եզրակացությունից հետո: Նշենք, որ Hetq.am-ը գրել էր, որ «Ծառուկյան» հիմնադրամը 31 600 դոլարով Հատիս լեռան 9 հողակտոր է ձեռք բերել՝ ներառյալ այն տարածքը, որտեղ գտնվում է «Հատիս ամրոց» կոչվող հնագիտական օբյեկտը։
Մանրամասները՝ տեսանյութում։