Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է իշխանություններին հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Հոգևոր խորհուրդը կոչ է արել համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։
«Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը»,– գրված է հայտարարությունում։
Հայտարարությունը տարածելուց առաջ այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։
Անդրանդարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսին, որի ընթացքում հնչած հայտարարությունները, ըստ Գերագույն հոգևոր խորհուրդի բացահայտել են հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած, ըստ ԳՀԽ-ի, վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։