Այսօր՝ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի 105-ամյակը։
1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը և Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:
Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:
Հայաստանի առաջին Հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները. ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին: Սակայն Հայաստանի առաջին Հանրապետության կյանքը 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակի կողմից:
1992թ.-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ն սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին Հանրապետության օր:
1968-1978 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին:
ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին: Այս տարի ևս ՀՀ պաշտոնյաները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։