ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկություն է հայտնել Արագածավանի ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վեճից:
Մասնավորապես, հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Hունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող»,- հայտնում է խոսնակը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է, դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան։ Այդ առիթով Արագածավան գյուղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով այդ արարքը կատարած Արագածավանի կումունալի պետ Սուրեն Թորոսյանի նկատմամբ իրավական միջոցներ կիրառել։