Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են, հայտնել է Առողջապահության նախարարությունը:
«Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ Երասխում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ժամանակ օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել։ Նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են, որոնք ներգրավված են օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Երասխ գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը։ «Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական մեքենա և ևս մեկ օբյեկտ»,- հայտնում էր գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմն ուղղորդված կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում: