«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։
«Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են»,-հայտնել են ՀԿ-ից։
Դատարանը Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի գործով մեղավոր է ճանաչել Գայանե Հակոբյանին։ Դատարանը նրան դատապարտել է 4 տարի պայմանական ազատազրկման՝ մեկ տարվա փորձաշրջանով։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 5-ին որոշել էր վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրվող զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատ արձակել և կրկին կալանավորել մեկ ամիս՝ 15 օր ժամկետով։ Վճիռը հրապարակել էր դատավոր Մանվել Շահվերդյանը։ Ավելի վաղ, դատարանը նրա խափանման միջոցը կալանքից փոխել էր տնային կալանքի, սակայն վկաների, այդ թվում՝ կրտսեր Փաշինյանի ցուցմունքներից հետո մտափոխվել է և փոփոխել վճիռը։
Վարչապետի որդին քննադատել էր Հակոբյանին կալանքից ազատելու և տնային կալանքի ենթարկելու դատարանի որոշումը։ Փաշինյան կրտսերի խոսքով՝ այնպիսի ծանր հանցագործության համար, ինչպիսին է առևանգումը, տնային կալանքը չափազանց մեղմ խափանման միջոց է։
Հունիսի 9-ին Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից և դիմել հանրային պաշտպանությանը։
Armenia Today-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն ասել էր, որ իրենց դեռևս չի տրամադրվել դատարանի որոշումը և այս պահին չի կարող տեղեկացնել, թե ինչն է հիմք հանդիսացել նման վճռի համար։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու դեպքի առթիվ։ Գործով մեղադրյալը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի (Հակոբյան) մայրն էր, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժն ութ տարի ազատազրկումն է։ Մայիսի 20-ին դատարանը կալանավորել էր Հակոբյանին։