Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՌԴ Ռոստովի մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։ Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ պետք է զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ +7 926 806 50 01»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ հեռուստաուղերձում հայտարարել է Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն և խոստացել, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխան կտան։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Ռոստովի բնակիչներին հորդորել էր չմեկնել քաղաքի կենտրոն և անտեղի դուրս չգալ փողոց։