Չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի դեպքեր են բացահայտվել․շուրջ 393մլն. դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվել են «Ար Տոբակո» ՓԲԸ սեփականատերն ու տնօրենը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, 2022թ․ ապրիլի 4-ին «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա, որպես արտադրող, նշված է եղել «Ար. Տոբակո» ՓԲ ընկերություն: Բացի այդ, 2023թ․ ապրիլի 22-ին «էրեբունի» օդանավակայանի տարածքում զննության են ենթարկվել «Իլ 76» մակնիշի բեռնատար օդանավում և օդանավի կողքը կանգնած թվով 7 բեռնատարներում առկա ապրանքները։
Արդյունքում՝ հայտնաբերվել է «CLASSIC», «PANORAMA», «BLECK», «ARMADA», «TIGRANAKERT» մակնիշների 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տ ոբակո» ՓԲԸ-ն։ Արդյունքում՝ «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 188.397.650 ՀՀ դրամի վնաս։
«Տվյալներ են ստացվել այն մասին, որ 05.03.2023թ., 11.03.2023թ. երկու ֆիզիկական անձինք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում հայտարարագրել են համապատասխանաբար 19.405 կգ և 20.240 կգ թարմ խնձորի, իսկ 07.06.2023թ․մեկ այլ ֆիզիկական անձ՝ 1500 արկղ 16,684 կգ թարմ կեռասի արտահանում ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ ՌԴ՝ տարբեր ստացող ընկերությունների անուններով»,- հայտնում է կոմիտեն։
Համապատասխան բեռնատարները Վերին Lարսի անցակետում ՌԴ մաքսային մարմինների կողմից կանգնեցվելու և զննության ենթարկվելու արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի, և կեռասի տակ առկա է առանց ակցիզային դրոշմանիշերի՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ արտադրության, «Armada», «Gamma», «Panorama» ֆիրմային անուններով ծխախոտ, որի ընդհանուր քանակը կազմել է 53.399 բլոկ կամ 533 990 տուփ)։
Հաշվի առնելով, որ նշված խմբաքանակների համար դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր, չի ձևակերպվել համապատասխան մատակարարում՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պակաս հաշվարկման և վճարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 205.311.145 ՀՀ դրամի վնաս։
ՔԿ-ն հայտնում է, որ 2023թ․ հունիսի 23-ին խուզարկություն է կատարվել «Ար.Տոբակո» ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը իրականացնում է ծխախոտի արտադրություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ընկերության սեփականատերը և տնօրենը ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։