Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետևանքով, վերականգնվել է, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը։
«Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը
Ավելի վաղ հայտնել էինք, որ վեց գնացքներ, այդ թվում՝ Բաթումիից Երևան մեկնող գնացքը, սողանքի պատճառով չեն կարողանա հասնել իրենց նշանակման վայր։