Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Համաձայն օրենքի՝ բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին, պարտավոր է ՀՀ ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական ու գործնական քննություն:
Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է ՀՀ պետական ռազմականացված կազմակերպություններում և ունի զենք պահելու ու կրելու թույլտվություն: Պետական մարմինների կողմից քննություն անցկացնելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:
Օրենքը լրացվել է նոր դրույթներով։ Մասնավորապես՝ արդեն իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելուև կրելու գործող թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվում ՀՀ ոստիկանություն չներկայանցնել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եև վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, ինչպես նաև զենքի հետ կապված ու անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ օրենքից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ:
ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև այն դրույթը, որով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգեւատրելու իրավունք է վերապահվում ՀՀ պաշտպանության նախարարին։